Ադրբեջանը չի հասկանում Փաշինյանին, Հայաստանը չի հասկանում Ալիևին

Ադրբեջանը չի հասկանում Փաշինյանին, Հայաստանը չի հասկանում Ալիևին:

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը իր ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե իրենք պատրաստ են մարտի դաշտում հաղթել հայերին: Մնացականյանն ասել է, որ ցավում է Ալիևի ռազմական հռետորաբանության համար։ Նախարարը նաև ավելացրել է, որ մենք գիտենք մեր կարողությունները՝ պաշտպանվելու և վնաս հասցնելու: Նախարար Մնացականյանի խոսքերով՝ հռետորաբանությունից վճռականությունը չի աճում, Հայաստանն էլ կարող է հռետորաբանություն օգտագործել:

Այս հայտարարությունից մեկ օր անց, արդեն Ադրբեջանի ԱԳ նախարարությունից պատասխանեցին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին: «Շեհիդների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարությունը հանդիսանում է պետության պաշտոնական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում», — հայտարարել է նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան:

Սակայն Ադրբեջանի ԱԳ նախարարությունը ևս մեկ անպատասխան մնացած հարց ունի: Այս անգամ հարցը վերաբերվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Բաքուն հատուկ հայտարարությամբ արձագանքել է Հայաստանի վարչապետին, ով երեկ բացառել էր, թե իր կառավարությունը կարող է քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը։ «Փաշինյանի տրամաբանությունը դժվար է հասկանալ: Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող բանակցությունների հիմքում ընկած է հենց հայկական ուժերի դուրսբերումը Արցախից: Այս պարագայում հարց է առաջանում՝ արդյո՞ք Փաշինյանի այդ հայտարարությունը չի նշանակում բանակցություններից հրաժարում», — հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը:

Փաստացի, մեր և հարևան թշնամի երկրի ղեկավարությունը միմյանց հետ բանակցելու արդյունքում դեռ մնացել են անհասկանալի հարցերի մեջ, որոնք բանակցության հիմնական կետերն են, բայց պարզվում է այդ հանդիպումների ընթացքում դրանք այդպես էլ անհասկանալի են մնում: Համենայնդեպս պաշտոնական հայտարարությունները դրա մասին են վկայում:

ՀՀ ԱԳՆ-ն զարմանում է Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունից: ԱՀ ԱԳՆ-ն զարմանում է Հայաստանի ղեկավարի հայտարարությունից: Հիմա մնաց հասկանանք, թե ԱԳ նախարարների մակարդակով և ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ պաշտոնյաները ինչ են քննարկում այդքան:

Понравилась статья? Поделиться с друзьями: