«Ամենից շատ վախենում եմ նրանցից, ովքեր ոչ մի բանից չեն վախենում, բացի աթոռ կորցնելուց (եթե ունեն)». Վազգեն Սարգսյան

Մեր հացն ուտող, ուրիշի դռանը հաչող շներից եմ վախենում։
Մեզանից եմ վախենում, որ միլիոնանոց միտինգներից, Սումգայիթից ու երկրաշարժից հետո՝ էլի մեկմեկու անվերապահորեն սիրել-ներել-հանդուրժել չսովորեցինք…
Մի սուտ բանի համար ավտոբուսում կարող ենք մեկմեկու գլուխ ջարդել, հինգ րոպե անց ինքներս մեզ վարկաբեկել. «ազգ չենք, էլի», կես ժամ հետո վանկարկել՝ «մի-ա-ցում»։
Հազար անգամ ասել ենք, որ մեր փրկությունը մեր միասնական ուժի մեջ է, բայց այնքան ենք իրարից հեռու, ասես իրավապահ մարմինների աշխատողներս այլ ազգից ենք, գործարարներս՝ ուրիշ, մեկէլներս ու էն մեկէլներս՝ լրիվ ուրիշ… Մինչդեռ հայ գյուղացին, հայ շինարարը, հայ գիտնականն ու կառավարիչն այսօր առավել, քան երբևէ, պարտավոր են մեկմեկու հանդուրժել-օգնել՝ դառնալու աշխարհի ամենալավ հողագործն ու շինարարն ու գիտնականն ու կառավարիչը։

Եվ ամենալավերի հավաքականությունը կդառնա ամենակարող ուժ։ Ուրիշների քանակի դեմ՝ որակ, այլ ելք մենք չունենք։
Որակազրկումից եմ վախենում, կեղծ դիպլոմներից, սուտ կոչումներից, ծակ փիլիսոփայությունից, բոշայությունից, որբացությունից, ծախված դիրքերից…
Վախենում եմ մեր խելքի չգալուց։
Ամենից շատ վախենում եմ նրանցից, ովքեր ոչ մի բանից չեն վախենում, բացի աթոռ կորցնելուց (եթե ունեն)։

Սպարապետ
Վազգեն Սարգսյան

Понравилась статья? Поделиться с друзьями: