Ամիսներ շարունակ Նիկոլ Փաշինյանի հանդեպ կասկածների սերմանումը, թե իբր նա պատրաստվում է Արցախը հանձնել, շատ խորամանկ քաղտեխնոլոգիա է

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ամիսներ շարունակ Նիկոլ Փաշինյանի հանդեպ կասկածների սերմանումը, թե իբր նա պատրաստվում է Արցախը հանձնել, շատ խորամանկ քաղտեխնոլոգիա է:

Այս տեխնոլոգիայի հիմնական նպատակն է անվստահություն սերմանել Հայաստանի ու Արցախի միջև՝ վերջինիս հանելով առաջինի դեմ: Տեղից էլ 1997թ.-ից Տեր-Պետրոսյանի հայտնի մոտեցումից հետո Արցախում կա չբարձրաձայնվող կասկած, թե Հայաստանը /իմա՝ նրա ղեկավարությունը/ ունակ է դավաճանել Արցախին, նրան միայնակ թողնել բակացային ճնշումների կամ պատերազմի սպառնալիքին դեմ հանդիման:

Սրանք այն խոսքերն են, որով Ռոբերտ Քոչարյանը 1998թ. նստեց ՀՀ նախագահի աթոռին ու իրենով փոխարինեց թե Հայաստանը, թե Արցախը: Հենց այս կասկած-մտայնությունն էր ընկած Հայաստանում «ղարաբաղյան հավերժ իշխանություն» պլանի հիմքում: Սասուն Միքայելյանի երեկվա անհաջող մտքի մեկնաբանություններն էլ այդ դաշտում են, թե բա՝ իբր Հայաստանի իշխանությունների համար հեղափոխությունն ավելի թանկ է, քան Արցախը ու նրա ազատագրումը:

Չգիտեմ՝ միամտաբար, թե գիտակցաբար, Արցախից անհարկի արձագանքներ եղան այդ հայտարարությանը: Ու եթե այս պրոցեսը շարունակվի, ապա, իհարկե, վիհը կմեծանա, անվստահությունը մեր հայրենիքի երկու հատվածների, նրանց իշխանությունների միջև կմեծանա: Որքան որ աղետալի են եղել Հայաստանը վերցնելու ու ենթարկեցնելու ղարաբաղյան պլանը (Քոչարյան-Սարգսյան-Բաբայան), նույնքան վտանգավոր կլինի Արցախը ենթարկեցնելու-վերցնելու հայաստանյան պլանը /Սասնա ծռերի մոտ ցավալիորեն կարծես թե այդ գիծն է/:

Փաշինյանի մարտահրավերները մեծանում են, որովհետև այս երկու պլանները կրկին դեմ հանդիման են գալիս՝ մեկը Ռոբերտ Քոչարյանի ստվերում, մյուսը Սասնա ծռերի գծով: Իրականում, Արցախի սերտ վերաինտեգրումը Հայաստանին հրամայական է: Այդ խնդրով մտահոգ պատահական չէ, որ անցած տարի ծավալուն հատված էի ներառել Ազատ դեմոկրատների կազմում պատրաստված նախընտրական ծրագրում՝ իրավական, քաղաքական, տնտեսական ու ամենակարևորը՝ սոցիետալ ինտեգրում:

Բայց կրկին վերադառնալով տխրահռչակ տեխնոլոգիային, նպատակն է թուլացնել Փաշինյանին ու կրկին առաջադրել մեկին, ով յուր անձով «կկամրջի Արցախի ու Հայաստանի միջև անվստահությունը՝ կանխելով վերջինիս «դավաճանությունը», ինչպես դա փորձ արվեց ներկայացնել Քոչարյանի դեպքում: Այդ տեխնոլոգիան կիրառության մեջ է դրվել Քոչարյանի՞, թե՞ մեկ ուրիշի համար, դժվար է ասել: Հնարավոր է, որ Քոչարյանն ուղակի ֆասադ է:

Մի բան ակնհայտ է, որ ՀՀԿ ցուցակում հանգրվանեցին ոչ միայն մաքուր սերժականները, այլ նաև քոչարյանականներ ու կարենկարապետյանականներ… Այս անազնիվ քաղաքական խաղում կուզեմ, որ Արցախի իշխանությունները չկորցնեն խոհեմությունը, մասնակից չդառնան այս կեղտոտ խաղի, որովհետև այն անապագա չունի:

Իրականում Արցախում պետք է մոռանան Հայաստանի կապիտուլյացիայի, իսկ Հայաստանում՝ Արցախի կապիտուլյացիայի մասին: Միակ ուղին դա միմյանց սերտ վերաինտեգրումն է: Իսկ մնացած ջուր պղտորողներն ուղղակի կարճ ժամանակ անց անհայտանալու են:

Ամաչել է պետք Արցախի հարցի վրա այս կեղտոտ թատրոնի համար:

Понравилась статья? Поделиться с друзьями: