Դատարանը որոշում է կայացրել կալանավորել Արամ Հարությունյանին

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ (Ավանի նստավայր), քիչ առաջ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին կալանավորելու որոշում կայացրեց:

Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրեց, որ Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը) եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձանպես խոշոր չափերով փողերի լվացում): Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. երեկ նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան:

Ըստ մեղադրանքի` Արամ Հարությունյանը, 2007թ. հունիսի 8-ից զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը, միաժամանակ հանդիսանալով ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նախագահ, գործարար Ս. Հ.-ին հանքերևակումների ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներ տրամադրելու գործընթացն իրականացնելու, հետագայում ուսումնասիրության ժամկետները երկարացնելու և հանքերի շահագործման թույլտվություն ստանալու հարցը նրա օգտին լուծելուն նպաստելու համար գործարարից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 4.2 մլրդ ՀՀ դրամին համարժեք 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք:

Արդյունքում` 2008թ. հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում, Սյունիքի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի տարբեր բնակավայրերում գտնվող հանքերևակումների ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներն անցել են Ս. Հ.-ին պատկանող ընկերությունների տրամադրության տակ: Նույն ժամանակահատվածում Ս. Հ.-ն բանկային իր հաշվեհամարներից կանխիկացրել և Արամ Հարությունյանի մտերիմի միջոցով նրան է տվել 6 մլն ԱՄՆ դոլար կաշառքի գումարը:

Պահանջված կաշառքի գումարի մյուս մասը` 8 մլն ԱՄՆ դոլար գումարը, Արամ Հարությունյանն իր մտերիմների օժանդակությամբ ստացել է Արաբական Միացյալ Էմիրություններում բացված տարբեր հաշվեհամարներին փոխանցումներ կատարելու եղանակով, այնուհետև գումարի ծագման իրական աղբյուրը քողարկելու և դրանց օրինական տեսք հաղորդելու նպատակով Արամ Հարությունյանը հանցավոր ճանապարհով ստացված գումարները փոխանցել է միջազգային ընկերության՝ Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող բանկային հաշվեհամարին, ապա կազմակերպել հիշյալ հաշվեհամարից գումարների պարբերաբար փոխանցումն իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձին պատկանող և ՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ընկերության հաշվեհամարի:

Հիշեցնենք, դեռ 20018 թվականի հոկտեմբերի 24-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, որ ԱԺ պատգամավորի նկատմամբ կա գործ, որն արդեն 100 տոկոսով ապացուցված է: Դա կաշառքի գործ է: «էդ պատգամավորը կալանավորվելու է, եւ դա լինելու է 3-րդ Հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքը, որը իր թելերով տանելու է ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետեւից»:

Աղբյուրը՝ https://armtimes.com/

Понравилась статья? Поделиться с друзьями: