«Եթե աներկբա ընդունենք Ձեր խոսքերը, ապա ստացվում է, որ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ Նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը ևս 17 հոգի հանցագործներ էին». Արտակ Գալստյանը հակադարձում է ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանին

Պ-Ն ՊՈՂՈՍՅԱՆ ՋԱՆ, ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ, ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ, ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ ՈՉ ՆԱԽԿԻՆՈՒՄ ԵՎ ՈՉ ԷԼ ԱՅԺՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐ ՉԵՆ

Արման Վաչագանի Պողոսյանը՝ ի պաշտոնե ՀՀ Ֆինանսների Նախարարի տեղակալ, օրերս Փաստաբանական Պալատում հանդիպման ժամանակ որպես Փաստաբանների հարկային բեռի ավելացման հիմնավորում արտահայտեց հետևյալ փայլուն միտքը ՝
«Քանի որ փաստաբանների ծառայությունից օգտվում են նաև հանցագործները, ապա եթե այդ բեռը չբարձրացվի, ապա կստացվի, որ Պետությունը սուբսիդավորում է հանցագործներին»:

Նշեմ միանգամից, ես փաստաբան չեմ այլ իրավապաշտպան և այս հարցում շահառու չեմ, բայց շահագռգիռ կողմ եմ, քանի որ փաստաբանների հարկային բեռի ավելացումը կխաթարի անձանց արդյունավետ և որակյալ պաշտպանության իրավունքը:

Եվ այսպես՝
Հարգելի Պ-ն Ֆինանսների փոխնախարարի աթոռը զբաղեցնող Արման Պողոսյան տեղեկացնեմ Ձեզ , որ ՀՀ-ն աշխարհիկ պետություն է, ունի գլխավոր օրենք, որը կոչվում է ՀՀ Սահմանադրություն և նրա դրույթները գործում են անմիջականորեն:

Այդ նույն Սահմանադրության մեջ կա Մարդու Հիմնարար Իրավունքներին վերաբերվող բաժին: Այդ բաժնում կա հոդված, որը վերաբերվում է անմեղության կանխավարկածին:

Բացատրեմ ինչ է դա:
Ըստ այդ հոդվածի եթե անձի մեղքը հաստատված չէ օրինական ուժի մեջ մտած դատավճռով, ապա այդ անձը համարվում է անմեղ:
Այսինքն հանցագործ չէ և այդպիսին համարվել չի կարող:
Բերեմ օրինակ, որ Ձեր համար ավելի մատչելի լինի:

Տեսեք, ապրիլյան հեղափոխության ժամանակ ՀՔԾ-ն ձերբակալեց և մեղադրանք առաջադրեց ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԺ Նախագահ Արարատ Միրզոյանին, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանին և ևս 17 հոգու:
Նրանք բոլորը ունեին պաշտպաններ:

Որպեսզի Ձեր համար պարզ լինի, քրեական գործով մեղադրյալի պաշտպան կարող է լինել միմիայն արտոնագրված փաստաբանը:Համարենք ինչ է փաստաբանը արդեն պարզ է:

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շահերը ներկայացնում էր այժմ ԱԺ պատգամավոր, այն ժամանակ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Ընդ որում Նիկոլայ Բաղդասարյանը իր փաստաբանական գործունեությունը, որպես հարկվող օբյեկտ իրականացնում էր շրջանառության հարկով:

Եթե աներկբա ընդունենք Ձեր խոսքերը ,ապա ստացվում է, որ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ Նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը ևս 17 հոգի հանցագործներ էին, իսկ Պետությունն էլ Նիկոլայ Բաղդասարյանին, որպես փաստաբանական գործունեությամբ զբաղվող հարկման օբյեկտ շրջանառության հարկով հարկելու միջոցով փաստացի սուբսիդավորել է ըստ Ձեր տեսության վերը նշված հանցագործներին:

Միգուցե Դուք իմ հետ չհամաձայնվեք, բայց ես կպնդեմ, որ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ Նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը հանցագործներ չեն, քանի որ նրանց մեղքը հաստատված չէ օրինական ուժ ստացած դատավճռով:

Որպեսզի ավելի հասկանալի լինի՝
պատկերացրեք իրադրություն, հեռու ձեզանից,
Դուք օղակաձև այգում զբոսնում էք դիցուք Ձեր ծանոթ մի կնոջ հետ և մի ստահակ փորձում է պոկել կնոջ ձեռքից պայուսյակը:
Դուք որպես իսկական տղամարդ՝ Փոխնախարար, բնականաբար միջամտում էք, որպեսզի պաշտպանեք նրան, կիրառում էք մարտական հնարք, վնասազերծում էք նրան, բայց հնարքի կիրառման հետևանքով հարձակվողը ստանում է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ և մահանում է:

Ըստ գործող օրենսդրության,ամենաքիչը ձեզ մեղադրանք կառաջադրվի անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման համար, եթե ոչ սպանության, քանի որ Ձեր կիրառած ուժը կլինի անհամաչափ հարձակվողի գործողություններին:

Դե հիմա պատկերացրեք, որ նման պարագայում Ձեզ անվանեն հանցագործ, ավելացնեն Ձեր պաշտպանի հարկային բեռը հիմնավորելով, որ Պետությունը չի ցանկանում սուբսիդավորել հանցագործին:

Ի դեպ թյուրըմբռնումներից խուսափելու համար նշեմ, այդ դեպքում ես Ձեզ նորից նույն հիմնավորմամբ հանցագործ չեմ համարի:

Ամփոփեմ ՝
Օրենքով հանցագործ ճանաչված անձը, այլևս պաշտպան՝ փաստաբան չի ունենում, քանի որ հիմնականում բոլոր փաստաբանական ծառայություններ մատուցելու պայմանագրերը գործում են մինչև դատավճռի օրինական ուժ ստանալը:

Բացի այդ, անձը որը առերևույթ մեղադրվում է հանցանքի մեջ, բայց չունի բավարար միջոցներ վճարովի փաստաբան վարձելու, ապա ելնելով արդարադատության շահից նրան տրվում է անվճար, հանրային պաշտպան:
Անվճար դա զրո վարձավճարն է, իսկ զրոյի 33 տոկոսը նույնպես զրոն է, դե սա երևի գիտեք:

Ավելացնեմ նաև, որ գործող դատական պրակտիկայում փաստաբանների մասնակցությամբ գործերի մոտ 80 տոկոսը դա քաղաքացիական և վարչական գործերն են, ինձ թվում է այդ գործերի կողմերին նույնպես հանցագործ չէք համարում:

Այնպես որ այստեղ էլ Ձեր վարկածը քննադատությանը չի դիմանում:
Այնպես որ Հարգելի պ-ն Փոխնախարար, կխնդրեի Ձեզ Փաստաբանների հարկային բեռի բարձրացումը հիմնավորել այլ կերպ, առանց խաթարելու անմեղության կանխավարկածը, իսկ նախագծի մշակման ժամանակ էլ հիշել, որ պաշտոնը հարաբերական է, իսկ մեղադրանքից և հիվանդանոցից ոչ ոք ապահովագրված չէ:

Վստահ եմ Ռոբերտ Քոչարյանը երբևիցե չեր մտածի , որ իրեն մեղադրանք կառաջադրեն և ինքը ստիպված կլինի 4 պաշտպան ունենալ:

Հարգանքներս
Արտակ Գալստյան

Понравилась статья? Поделиться с друзьями: