Թող մի դիմում էլ նա գրի, ով ՀՀԿ-ի հետ շախմատ է խաղացել

Քննարկման ենթակա չէ այն, որ նախորդ իշխող համակարգի գործունեության հետևանքի համար գլխավոր պատասխանատուն այն ուժերն ու գործիչներն են, որոնք դե յուրե գլխավորել են այդ համակարգը, զբաղեցրել բարձրաստիճան պաշտոններ, եղել առաջին, երկրորդ կամ այլ դեմքեր, կազմել խորհրդարանական մեծամասնություն, եղել իշխող ուժերի քաղաքական առաջնորդներ և այլն:

Դե յուրե իշխանության կրող լինելու հանգամանքը անվիճելի և անբեկանելի է դարձնում առաջնային և անվերապահ պատասխանատվության խնդիրը: Եվ դա առնչվում է այն ժամանակահատվածին, երբ Հայաստանում սկսեց քաղաքական համակարգի նենգափոխումն ու ոչնչացումը, այդ թվում նաև ընտրական մեխանիզմի, ընտրություն ինստիտուտի ոչնչացումը՝ 1995-96 թվականներից:

Այդ ամենին զուգահեռ, կասկածից նույնքան դուրս կամ վեր է և այն, որ այդ իշխող համակարգը ժամանակի ընթացքում բավականին բարդացել, բազմազանեցվել և բազմաշերտացվել է իր կառուցվածքով, բաղադրիչներով:

Եթե սկզբում եղել է ֆիզիկական ուժի վրա հիմնված պարզունակ մեխանիզմը, ապա հետագայում աստիճանաբար գործադրվել են այլ, նոր մեխանիզմներ, որոնք կամաց-կամաց չեզոքացրել են ֆիզիկական ուժի, այսպես ասած, ընթացիկ դերը՝ թողնելով այն ծայրահեղ կամ խիստ լոկալ իրավիճակների համար, իսկ «ընթացիկ» վերարտադրությունն ու կենսագործունեությունը կառուցել ավելի անաղմուկ իրավիճակ ենթադրող մեխանիզմներով:

Համակարգի բազմազանեցումն ու բազմաշերտ դառնալու իրողությունը պայմանավորված է նաև ներհամակարգային օբյեկտիվ իրողությունների թելադրմամբ, քանի որ հասարակության հետ հարցերը լուծելու մեխանիզմների ձևավորումից զատ, համակարգին պետք էին մեխանիզմներ, որոնք թույլ կտային միմյանց միջև առաջացող հարցերն ու հակասություններն էլ լուծել՝ և լուծել այնպես, որ դա չբերեր համակարգի խոցելիության աստիճանի բարձրացման կամ ճեղքերի:

Այդպես սկսվեցին ներքին տրանսֆորմացիաներ, որոնք աստիճանաբար բյուրեղացրին համակարգը, որպես բարդ օրգանիզմ, որն այլևս միայն իշխանությունից չէ, որ կազմված էր: Հետևաբար, իշխող՝ նախկինում իշխած համակարգի ապամոնտաժումը, չեզոքացումը կարող է լիարժեք, ամբողջական դառնալ այն դեպքում միայն, երբ կչեզոքացվեն նաև այդ մեխանիզմները, պայմանական՝ ոչիշխանական մեխանիզմները:

Թավշյա հեղափոխության արդյունքում առավելապես չեզոքացվել է նախկին իշխող համակարգի, այսպես ասած, իշխանական բաղադրիչը: Դրան զուգահեռ, իհարկե, այդ հանգամանքը զգալի ազդեցություն է թողել տնտեսական որոշ բաղադրիչների վրա, ու նաև հասարակական, քաղաքական սեգմենտների:

Սակայն այս դաշտում պատկերը դեռևս ամբողջական չէ, քանի որ այս դաշտում պատասխանատվության հարց, խոշոր հաշվով, դրված չէ, կամ բոլորի համար չէ, որ դրված է:

Օրինակ՝ հասարակությունը շատ է հիշում, հաճախ է հիշում, որ ՀՅԴ-ն պարբերաբար կոալիցիայի մեջ է եղել իշխանության հետ, բայց, օրինակ, նույն հարցադրումը բավական քիչ է արվում ԲՀԿ առումով, ՕԵԿ առումով:

Ընդ որում, խնդիրն այստեղ միայն կոալիցիաները չեն, կոալիցիոն պատմություններն ու կենսագրությունները չեն, այլ ընդհանրապես քաղաքական դերակատարումը, որ ունեցել են ամենատարբեր միավորներ անցնող երկու տասնամյակի կամ քառորդ դարի ընթացքում:

Մենք չենք կարող ունենալ քաղաքական կյանքի իրական և ամբողջական, խորքային վերբեռնում, եթե չկարողանանք ամբողջացնել նախկին համակարգի պատասխանատվության շրջանակը և բացահայտել նախկին համակարգի բոլոր բաղադրիչներն ու փորձել հերթով «մարել» դրանք, որպես նախկին համակարգի «ժամկետանց պարտատոմսեր»:

Հակառակ դեպքում կստացվի, որ նախորդ տնտեսա-քաղաքական համակարգի տարբեր ոչիշխանական «բաժնետերեր» ինքնաբերաբար կամ ինչպես ասում են՝ ինքնըստինքյան դառնում են նոր քաղաքական համակարգի բաժնետեր, թեև այս դեպքում, խորքային իմաստով, ոչ թե նրանք են դառնում նորի մասնակից, այլ այդ միջոցով նորն է որոշակիորեն իր վրա կրում նախկինի ազդեցությունը՝ ուղղակի, թե անուղղակի:

Այդ տեսանկյունից, առաջիկայում արդիական, զարգացող և կենսունակ քաղաքական համակարգ ունենալու համար հասարակությունը պետք է զբաղվի նախկին համակարգի ամբողջական ապամոնտաժումով:

Դրա, այսպես ասած, ֆիզիկական մասը, այսինքն՝ դե յուրե իշխանության հեռացումը, հանրությունն արել է: Ներկայումս մնացել է արժեհամակարգային, բովանդակային, քաղաքականության պատասխանատվության սահմանումների առումով ապամոնտաժումը, այն նշաձողերի և հարցադրումների տեսքով, որ պետք է ուղղվեն նախորդ համակարգի բազմազան շերտերի շարքում եղած սուբյեկտներին:

Ի վերջո, հանրությունն անցյալի գնահատում պետք է պահանջի ոչ միայն ՀՀԿ-ից, այլ նաև բոլորից, ովքեր, կամա թե ակամա, այդ տարիներին ՀՀԿ-ի համար ապահովել են քաղաքական կյանքի կայուն ֆոնը: Ինչպես հայտնի ֆիլմի «դասական» դարձած ֆրազը՝ ո՞ւմ հետ էիր շախմատ խաղում, թող մի դիմում էլ նա գրի:

Նյութի աղբյուրը՝ 1in.am

Понравилась статья? Поделиться с друзьями: