Ինչու է Քոչարյանն այդքան կարևոր Պուտինի համար

Պուտինը բազմաթիվ ընկերներ ունի, որոնց գուցե շնորհավորում է ծննդյան օրվա և/կամ Նոր տարվա կապակցությամբ, բայց այդ մասին Կրեմլը ոչինչ չի հայտնում։ Ռ.Քոչարյանը, ուրեմն, մի արտառոց կարևորության «ընկեր» է։

Կրեմլում հասկանում են, չէ՞, որ համերկրային ատելություն վաստակած և ծանրագույն մեղադրանքներով բանտում գտնվող մարդուն հրապարակային աջակցություն հայտնելն ազդելու է ՌԴ նկատմամբ ՀՀ բնակչության տրամադրությունների վրա։ Ուրեմն՝ նման քայլի գնալու համար ՌԴ-ն լրջագույն պատճառներ պետք է ունենա։

Պարզ է, որ հյուսիսից եկող շնորհավորական ուղերձների իրական հասցեատերը ոչ թե Քոչարյանն ինքն է, այլ՝ ՀՀ բարձրագույն ղեկավարությունը։

«Էխո Մոսկվին» գրում է, թե եթե Ռ.Քոչարյանն ազատ արձակվի, ՀՀ-ին մատակարարվող գազի գինը կմնա նույնը (սահմանին $150), հակառակ դեպքում` կթանկանա ավելի քան 30%-ով ($215 սահմանին), ինչը տարեկան լրացուցիչ մոտ 130 մլն դոլարի ծախս է ենթադրում: Եթե սա իրականությանը համապատասխանում է, ուրեմն՝ էլի հարց է առաջ գալիս՝ ինչո՞ւ է ՌԴ-ի համար այդքան կարևոր Քոչարյանը։

Պատասխանի բազմաթիվ վարկածներ կարող են լինել. գուցե Քոչարյանը ՌԴ հատուկ ծառայությունների գործակալ է, գուցե կապված է ՌԴ հետ ինչ-որ գործերով (ասենք՝ Հոկտեմբերի 27), գուցե այսկերպ ՌԴ-ն պարզապես պատժում է Հայաստանին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում անզգույշ վարվելու համար… ։

Շատ պատճառներ կարող են լինել, բայց ակնհայտ է, որ Քոչարյանն օգտագործվում է որպես գործիք՝ Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու, զիջումներ կորզելու համար։ Եվ դա արվում է Քոչարյանի գործուն մասնակցությամբ ու ջանադրությամբ։ Անգամ նախագահի պաշտոնը զբաղեցնելու տարիներին նա այդ գործիքի դերից դուրս չի եկել, ու դժվար է ասել, թե հատկապես երբ է հատել պետական դավաճանության սահմանը։

Զարմանալի է, որ մեր մամուլը կատարվողին նայում է զուտ «ընկերներ են» կամ «Պուտինը վատն է» տեսանկյունից։ Ինչո՞ւ է նա այդքան կարևոր ՌԴ-ի համար։ Ա՛յս տեսանկյունից է պետք նայել հարցին։

Понравилась статья? Поделиться с друзьями: