Կառավարության կազմը գրեթե պատրաստ է

Արդեն գրել էինք, որ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մակունցը 7-րդ գումարման Ազգային ժողովում զբաղեցնելու է «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի պաշտոնը: Խմբակցության քարտուղարի պաշտոնն էլ զբաղեցնելու է Հակոբ Սիմիդյանը:

Նա այս պահին տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար է: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Լենա Նազարյանը: «Այս մարդիկ թեկնածուներ են, որոնց մենք առաջադրելու ենք խմբակցության անդամներին՝ հիմնավորելով և կոչ անելով հետևել քաղաքական որոշմանը: Արդեն հայտնի է, որ Ազգային ժողովի նախագահի և տեղակալների պաշտոնների համար էլ առաջարկվելու է Արարատ Միրզոյանի, իմ և Ալեն Սիմոնյանի թեկնածությունները»,- ասաց նա:

Լենա Նազարյանն ասաց, որ այս պահի դրությամբ հանձնաժողովների նախագահների հետ կապված վերջնական որոշում չկա, քանի որ դեռ հստակ չէ, թե քանի մշտական հանձնաժողով է ունենալու 7-րդ գումարման Ազգային ժողովը: Դիտարկմանը՝ մամուլը գրել էր, որ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ նշանակվելու է Հովհաննես Իգիթյանը, Լենա Նազարյանն ասաց. «Միանշանակ կարող եմ ասել, որ՝ ոչ»: Առաջին նիստի ժամանակ խմբակցությունները նախագիծ են ներկայացնում, թե Ազգային ժողովը քանի մշտական հանձնաժողովներ պետք է ունենա:

Լենա Նազարյանից հետաքրքրվեցինք՝ «Իմ քայլը» նման նախաձեռնությամբ հանդես գալու է, թե՝ ոչ. «Հիմա ինը հանձնաժողով կա, Սահմանադրությամբ մեզ հնարավորություն է տրվում մինչև 12 հանձնաժողով ունենալու: Հնարավոր է, որ այս ԱԺ-ում տասը հանձնաժողով ունենանք՝ մարդու իրավունքների մշտական հանձնաժողով»: Հիշեցնենք, որ այս պահին ԱԺ-ում կա պետական-իրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողով: 6-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստում «Ելք» խմբակցությունը ևս առաջարկում էր, որ այս երկու հանձնաժողովներն առանձին լինեն, բայց ՀՀԿ-ն դեմ եղավ: Լենա Նազարյանը նաև նշեց անձանց անուններ, որոնք գործադիր մարմնում պաշտոններ կզբաղեցնեն:

«Կարծում եմ՝ կառավարություն կգնան Սուրեն Պապիկյանը, Էրիկ Գրիգորյանը, Արսեն Թորոսյանը, Արայիկ Հարությունյանը ևս ցանկություն է հայտնել գործադիրում աշխատելու, եթե ցանկությունը չփոխի»: Լենա Նազարյանը նշեց, որ ինքնաբացարկների ժամկետը մինչև դեկտեմբերի 30-ն է և մինչ վերջնաժամկետ մարդիկ մտածելու իրավունք ունեն: Նազարյանը միաժամանակ ասաց, որ կառավարության կառուցվածքում փոփոխություններ են լինելու, վարչապետն ունենալու է երկու տեղակալ, իսկ թե ովքեր են լինելու փոխվարչապետերը՝ հայտնի չէ: «Այդ հարցը նույնիսկ չի էլ քննարկվել:

Քննարկվել է Տիգրան Ավինյայի կառավարությունում մնալը, նա որպես պատգամավոր աշխատել չի ցանկացել»,- ասաց Նազարյանն ու չբացառեց, որ Մհեր Գրիգորյանը հետագայում ևս կպաշտոնավարի: Հարցին, եթե Լիլիթ Մակունցը գնում է խորհրդարան, ապա ով է ղեկավարելու Մշակույթի նախարարությունը, ՔՊ վարչության անդամն ասաց. «Եթե լինի Մշակույթի նախարարություն՝ առանձին, քանի որ կառավարության կառուցվածքի փոփոխություն է լինելու, որոշ նախարարությունների գործառույթներ կփոխանցվեն այլ նախարարությունների»:

Կառավարության կառուցվածքում փոփոխությունների հարցը քննարկվելու է Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը դեռ քարոզարշավի ժամանակ էր հայտարարել, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շարունակելու են ընտրություններից հետո էլ պաշտոնավարել: Կառավարության կառուցվածքում փոփոխությունների հարցը քննարկվելու է Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ: Հայկ Վարդանյան

Աղբյուրը՝ factor.am

Понравилась статья? Поделиться с друзьями: