Հայաստանի մարզերի զարգացման առաջարկ N2 Սամվել Գևորգյանից

Հայաստանի մարզերի զարգացման առաջարկ N2

Հիմա շատ սփյուռքահայեր են դիմում ինձ տարբեր բիզնես նախագծերի համար` ունենալով որոշակի ակնկալիքներ պետությունից: Ակնկալիքների մեծամասնությունը հիմնականում տարածքներով աջակցելն է: Օրինակ, մի սփյուռքահայ ցանկություն ունի արտադրություն բացել Երևանի մոտ մարզերից մեկում, պատրաստ է ներդնել գումարներ, հաստոցներ բերել և այլն: Միևնույն ժամանակ ակնկալում է, որ պետությունը իրեն շենք, երկարաժամկետ օգտագործման համար տարածք կտրամադրի այդ նախագիծը իրականացնելու համար:

Լուծումը հետևյալն է: Հայաստանի բոլոր գյուղական և քաղաքային համայնքներում կան բազմաթիվ շինություններ, որոնք բացիթողի վիճակում են ու ներկայումս չեն օգտագործվում: Օրինակ, պահեստներ, գյուղատեխնիկայի կայանատեղեր, արտադրամասեր, մշակույթի պալատներ, կենցաղի տներ, և այլն և այլն : Արժե այս ամենը երկարաժամկետ վարձակալությամբ տալ մասնավոր բիզնեսներին, անկախ նրանից նրանք այդ համայնքից են թե ոչ, որոնք կարող են օգտագործել այդ կառույցները ավելի նպատակային: Օրինակ, հայտարարվի մրցույթ այս կամ այն կառույցի օգտագործման նպատակով ներդրումային ծրագրեր ներկայացնելու համար: Շատ բիզնեսներ կներկայացնեն իրենց ծրագրերը , եթե այդպիսի հնարավորություն լինի:

Ինչ օգուտներ կտա այս նախագիծը.
1. Ներդրումները կհոսեն մարզեր, հատկապես գյուղական համայնքներ
2. Կբացվեն աշխատատեղեր
3. Կավելանան բնակչության եկամուտները
4. Կպակասի արտագաղթը
5. Կօգտագործվեն հնարավորինս շատ շինություններ
Ինչպես նախորդ առաջարկի դեպքում, այստեղ էլ կան բազմաթիվ քննարկումների կարիք` շտկելու այս գաղափարը: Բայց գլոբալ իմաստով, կարծում եմ այն կաշխատի: