Մի օր պատուհանին մոտ պառկած հիվանդի վիճակը սաստիկ վատացավ

Հիվանդասենյակում 2 հիվանդ կար` մեկը պատուհանին շատ մոտ, մյուսը` բավական հեռու, ուստի նա, ով պատուհանի մոտ էր պառկած, ամեն օր հեռու պառկածի խնդրանքով պատմում էր, թե ի՛նչ է կատարվում դրսում:

— Հիասքանչ բնություն է` լեռներ, լանջերին` խիտ անտառներ, որոնց գրկում գետակն է անուշ խոխոջում: Ապա տարածվում են դաշտերը` ոսկի ցորենով ծփացող: Ուղիղ մեր դիմաց այգի է, մանուկներ են վազվզում: Ահա քիչ այնկողմ սիրահար զույգ է նստած` երազկոտ ու հմայիչ,

— պատմում էր պատուհանի մոտ պառկած հիվադը` օր օրի թարմացնելով տեսարանները արևով, ջերմությամբ, խաղաղությամբ ու կյանքով: Հեռվում պառկած հիվանդը պատկերացնում էր տեսարանները, մտովի վերապրում և արդյունքում բարելավվում էր նրա ինքնազգացողությունը:

Մի օր, սակայն, պատուհանին մոտ պառկած հիվանդի վիճակը սաստիկ վատացավ: Բժիշկներից ոչ ոք հիվանդասենյակում չէր:

Մնում էր փրկության մի ելք. պատուհանից հեռու պառկած հիվանդը պետք է կանչեր բժշկին: Սակայն… նա լռեց… Երբ պատուհանին մոտ պառկած հիվանդը մահացավ, մյուս հիվանդը խնդրեց իրե՛ն տեղափոխել պատուհանին մոտ:

Բայց… Որքան մեծ էր նրա զարմանքը, երբ տեսավ, որ պատուհանից դուրս նկարագրված դրախտն ամենևին էլ գոյություն չունի. պատուհանի այն կողմում ուղղակի աղբանոց էր:

Անի Քոչարի ֆեյսբուքյան էջից

Понравилась статья? Поделиться с друзьями: