Նախ սովորեք, մասնագիտացեք, հետո աստղաբաշխական թվերի հավակնեք, հա, ինքնապարգևատրվեք էլ, բայց սկզբում գործ արեք, գործ

Վերջին օրերի թոփ թեման ամանորյա հսկայական պարգևավճարներն էին:

Հիշեցնենք, ըստ որոշ աղբյուրների բարձրաստիճան պաշտոնյաներն իրենք իրենց պարգևատրել էին մեծ գումարներով: Թեման բավական լայն արձագանք գտավ հանրության շրջանակներում: Գուցե այդ թվերն ուռճացված էին, կամ գուցե ոչ, բայց մարդկանց համար հեշտ չի պատկերացնել, թե ինչպես կարող է թշվառ թոշակառուներ ունեցող երկրի իշխանությունն այդ կարգի թվերով ինքնապարգևատրվել: ինչևէ, այս ամեն ֆոնին էլ ավելի հասկանալի է, թե ինչու էին նախկին իշխանություններն այդքան կառչած իրեն աթոռներին: Դե իհարկե, ո՞վ չի ուզի առանց ծանր աշխատանքի, մեկ-երկու ամսում մի քանի միլիոն ստանալ միայն որպես պարգևավճար:
Բոլորն էլ ուզում են լավ հագնել, լավ ուտել, տաք ու փափուկ քնել:

Բայց երբ հասարակության մի շերտ ապրում է այնպես, որ իրենց շների վարսահարդարման մեկ սեանսի համար ծախսում է մի ուրիշ ընտանիքի ամսվա եկամուտից կրկնակի ավելի մեծ գումար, սկսում ես մտածել, որ հարցը նյութական բարեկեցության մասին չի, այլ նրա, որ մեկը կարող է իրեն թույլ տալ այդ կարգի ճոխություններ այն դեպքում, երբ որոշ երեխաներ բոբիկ են ու սառած: Կարելի է հակաճառել, թե այդ վերոնշյալ շնատիրոջ հոգսը ուրիշի սոված երեխային կերակրելը չի: Բայց… չէ որ, օրինակ այդ երեխան վաղը մեծանալու է ու գնա բանակ, որ քե´զ պաշտպանի, կամ պիտի գնա հաց թխի, հող մշակի և այլն: Այսինքն, այսօր նրան օգնելով դու քո վաղն ես ապահովում: Ինչևէ, տեսականորեն, այդ չքավոր երեխաները կարող են շատ ավել բարձր որակի աշխատանքի հնարավորություն ստանալ, իսկ քեզ հետ կյանքը վարվի այնպես, որ կաշվիդ վրա զգաս ինչ ասել է՝ կյանքն աստիճան է:

Իսկ ինչ վերաբերում է ցավոտ թեմային, որին կրկին անդրադառնանք: Հարգելիներս, չի կարելի հոռանալ ու անկուշտի պես վրա պրծնել
հնարավորություններին, չէ՞ որ հենց նմանների դեմ էր ժողովրդական բողոքի այն ալիքը, որն արդյունքում ձեզ բերեց հասցրեց այդ պաշտոնին ու այո, այդ գումարներին: Թե կարծում եք քանի ղեկին եք, մի քիչ ուտենք, հետոյի տերն Աստված է: Արդեն ժողովուրդն է, ու նման կիքսեր չի ներելու, սա զգուշացում է, հաշվի առեք: Դուք այսպես, թե այնպես լավ աշխատավարձ եք ստանում, իսկ մարդ կա երկրում, որ այդ աշխատավարձի ամբողջ գումարը միանգամից չի տեսել, ուր մնաց թե ծախսի:
Այս ամբողջ տհաճ իրավիճակի ֆոնին մեկ էլ լսում ես, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր իրեն հասանելիք պարգևավճարից։

Հասկանալի է, Փաշինյանն իր վրա պատասխանատվություն է վերցրել ժողովրդի առաջ, իշխանության բերելով այն մարդկանց, ում քայլերի համար հիմա երբեմն ստիպված է արդարանալ, ինչպես ծնողն է փորձում արդարացնել զավակին: Բայց, հարց է առաջանում: Տիկնայք և պարոնայք, այդ որ աթոռներին տեղավորվել ու պարգև ստանալ, կարող եք, աչքներս եք խոթում, թե դա օրենք է և այլն, բա ըստ այդ օրենքի ձեզ այնպես պահեք, որ համ էլ ձեր աշխատանքը տեսնենք: Չարչարվող, գործ անող մարդուն ժողովուրդն ինքն է ուզում պատվել ու երբեք դրան դեմ չի լինում: Լավ մտածեք, ինչո՞ւ հանկարծ ձեզ ընտրած ժողովուրդն այսպես վրդովվեց, գուցե իրո՞ք սխալ եք անում որոշ բաներ: Նախ սովորեք, մասնագիտացեք, հետո աստղաբաշխական թվերի հավակնեք, հա, ինքնապարգևատրվեք էլ, բայց սկզբում գործ արեք, գործ։
Հիմա մտածում ես ակամա, որ դե եթե երկու ամսում կարելի է 8-9 միլիոն ունենալ, բա տարիների ընթացքո՞ւմ ինչքան կարելի է, այդ ֆոնին ոմանց գրավի թվերն ուղղակի «վիրավորական» են թվում:

Հարգելիներ: Դուք աշխատելու համար եք այդտեղ, ոչ թե միայն պադավատ ու քարտուղարուհիով կաբինետ վայելելու:

Понравилась статья? Поделиться с друзьями: