Նարեկ Սարգսյանի արտահանձնման հարցով սպասում ենք մեր գործընկերների պատասխանին. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյան

Չեխիայում կալանքի տակ գտնվող  Նարեկ Սարգսյանի արտահանձնումն իրականացնելու համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են Չեխիայի իրավապահ մարմիններին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Գլխավոր դատախազի հավաստիացմամբ` գործով կոնվենցիոն կարգավորումներից զատ այլ խոչընդոտներ կամ խնդիրներ այս պահի դրությամբ չկան:

«Մենք գտնվում ենք էքստրադիցիոն գործընթացի փուլում:  Գործով ներկայացվել են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Սպասում ենք  մեր գործընկերների պատասխանին»,- ասաց Դավթյանը:

Սարգսյանը դեկտեմբերի 6-ին ձերբակալվել է Պրահա 5 թաղամասում գտնվող բնակարաններից մեկում Պրահայի տարածքային ոստիկանության քրեական հետախուզման բաժնի աշխատակիցների կողմից: Պրահայում հայտնաբերման պահին Նարեկ Սարգսյանը ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով։ Նա հիմա գտնվում է նախնական կալանքի տակ:

Հայաստանի իրավապահները Նարեկ Սարգսյանին մեղադրանք են ներկայացրել անցած ամռանը, երբ Երևանի կենտրոնում գտնվող նրա բնակարանում ապօրինի զենք ու թմրանյութ էին հայտնաբերել։ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի 37-ամյա որդին գտնվում էր միջազգային հետախուզման մեջ։

Հունիսի 26-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի համաձայն, նրան մեղադրանք ՝ առաջադրվեց ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակաով կամ դրանց ապօրինի իրցնելու հատկանիշներով։ Նարեկ Սարսգյանին պատկանող բնականարում իրավապահները հայտնաբերել էին երկու ճամպրուկ թմրամիջոցներ և զենքեր։

Բացի այդ, Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության համաձայն՝ դեռևս 2013-ին Նարեկ Սարգսյանը, չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի 14 գծանկարները, իսկ հետո, անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները, հրաժարվել է դրանք վերադարձնել։ ԱԱԾ աշխատակիցները Նարեկ Սարգսյանի հաշվառման վայրում անցած ամռանը կատարած խուզարկության հետևանքով հայտնաբերել էին նկարները, ինչպես նաև 115 հազար ԱՄՆ դոլար, 27 հազար եվրո, թանկարժեք ժամացույցներ, բազմաթիվ ոսկյա մետաղադրամներ և զարդեր։

Понравилась статья? Поделиться с друзьями: