Նիկոլ Փաշինյանը Քյոլնի հայերի առաջ ելույթում փաստացի անդրադարձել է հայկական պետականության դեմ գործված գիտակցական կամ ենթագիտակցական ստորությանը

Գերմանիայի Քյոլն քաղաքում հայ համայնքի հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով Արցախի հարցին, շոշափել է կարեւորագույն մի խնդիր:

Նրա խոսքով, Արցախի հարցում ոչ ոք չի առաջնորդվում լավատեսական կանխավարկածով: «Երբ Հայաստանի արտգործնախարարը կամ վարչապետը գնում է բանակցությունների, դրան հետևում է հոռետեսության հսկայական ալիք. բա որ ենթակվեն ճնշումների, բա որ համաձայնության գան աննպաստ լուծման շուրջ։ Մենք այս հսկայական փոփոխություններն իրականացրել ենք, մենք մեր ժողովրդի հետ քայլել ենք, որ քայլենք դեպի անդո՞ւնդ։ Որտեղի՞ց այդ կանխավարկածը», հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Պարզ է, թե որտեղից: Այդ կանխավարկածը գալիս է տարիներից, նույնիսկ այսպես ասած կարգավորման գործընթացի ակունքից: Այդ կանխավարկածը դրված է Արցախի հարցում հայկական պետական քաղաքականության հիմքում, երբ ռազմական հաղթանակի կրող Հայաստանը քաղաքական բանակցության է գնացել պարտված հակառակորդի իրավունքի ճանաչումով, պատճառաբանելով դա այն հանգամանքով, որ «աշխարհի ուժեղները մեզ թույլ չեն տա հավակնել ավելիին», «անհնար է չգնալ փոխզիջումային կարգավորման, դա է պահանջում աշխարհը», դա է «խաղաղությունը», «զարգացումը», «փրկությունը»:

Հոռետեսությունը դրվել է այդ հիմքում՝ հաղթանակից հետո թերարժեքության բարդույթի արմատավորմամբ, որ Հայաստանը հաջողություն կարող է ունենալ միայն ու միայն հաղթանակից հրաժարվելու դեպքում: Գործնականում դա մտածողության բացառիկ դրսեւորում է ընդհանրապես համաշխարհային քաղաքականության, միջազգային հարաբերությունների համատեքստում, երբ որեւէ հաղթանակի կրող սուբյեկտը դեռեւս բանակցություն չսկսած հայտնում է այդ հաղթանակից հրաժարվելու պատրաստակամություն:

Հետագայում իհարկե այդ հանգամանքը բնականաբար ունեցավ իր խորացումն ու մուտացիան թե ներքին, թե արտաքին քաղաքական գործընթացներում, երբ Արցախի հարցը իշխանությունը սկսեց օգտագործել ընդդիմության դեմ, ընդդիմությունը՝ իշխանության:

Եվ այստեղ կար նաեւ ցավալի «օբյեկտիվություն», որովհետեւ տարիների ընթացքում ընդդիմությունն ու իշխանությունը դարձան գործնականում նույն մարմնի տարբեր մասերը, որոնք շատ լավ էին ճանաչում ու պատկերացնում, թե ինչ կա ընդհանուր «գլխում»:

Ու քանի որ այդ ընդհանուր գլխում ակունքից եկող հոռետեսությունն ու թերարժեքության պատմա-հոգեբանական բարդույթն էր, վախը սեփական հաղթանակից, փոխադարձաբար կար վստահություն-կասկած՝ յուրաքանչյուրն էլ պատրաստ էր զիջելու առավելագույնը, մեկը գուցե իր աշխարհընկալմամբ ձեւավորված համոզմունքից, մյուսը իշխանությունը պահպանելու ձգտումից, երրորդը շահեկան առեւտրի ներքին բնազդից, չորրորդը գուցե էլի ինչ որ բանից ելնելով, բայց բոլորը պատրաստ էին, ու քանի որ շատ լավ էին ճանաչում միմյանց, բոլորը կասկածում էին բոլորին, որ հոռետեսականից բացի, այլ բան սպասել պետք չէ:

Հետեւանքն այն էր, որ քառորդ դարի ընթացքում քայլ առ քայլ, փուլ առ փուլ ջլատվել է հանրային, ազգային, պետական էներգիան, որ լիցքավորվել էր ռազմական հաղթանակից եւ որը պետք էր տրանսֆորմացնել քաղաքական, դիվանագիտական, տնտեսական հաղթանակների: Նիկոլ Փաշինյանը Քյոլնի հայերի առաջ ելույթում փաստացի անդրադարձել է հայկական պետականության դեմ գործված գիտակցական կամ ենթագիտակցական ստորությանը, որը հետագայում արդեն անցել է մանր քաղաքական շահերի ու «ռազբորկաների» համար գործվող ամենօրյա ռեժիմի: Դա շարունակվում է առ այսօր, եւ ահռելի տեղեկատվա-քարոզչական ծավալներ է ստացել նախկին իշխող համակարգի ջանքով, որպես արմատավորված արատի շարունակություն:

Այն դեպքում, երբ ռազմական հաղթանակի փուլից հետո ոգու եւ էներգիայի առումով կուտակված պասիոնարության հիմքով ինքնավստահություն ներշնչել հանրությանն ու ստանալ պատասխանը: Այսինքն ստեղծել յուրօրինակ հանրային-պետական բարոյահոգեբանական եւ ուղեղային գեներացիոն մեխանիզմ, երբ էլիտան սնում է հանրությանը ոգեւորությամբ եւ սնվում հանրային ոգեւորությունից: Բայց ու՞ր էր էլիտան, կամ՝ ու՞ր էր էլիտա:

Քյոլնում Նիկոլ Փաշինյանը շոշափում է այդ խնդիրը, խոսելով այն մասին, որ Արցախի համար առաջնային պատասխանատվությունն իհարկե վարչապետինն ու կառավարությանն է, բայց պատասխանատվություն ունի յուրաքանչյուրը, եւ առանց այդ պատասխանատվության ամբողջության, հնարավոր չէ հոռետեսականից անցնել «լավատեսական» մտածողության ռեժիմի:

Ընդ որում, «լավատեսական» մտածողությունն ամենեւին «ոչմիթիզական ռոմանտիզմը» չէ, ինչպես փորձ է արվել նենգափոխել տարիներ շարունակ: Լավատեսական մտածողությունը պետական ռազմավարության վերափոխման հարցն է, երբ պետության ապագան կառուցվում է ոչ թե թերարժեքության բարդույթի, այլ խնդիրներ ձեւակերպելու, ռիսկերը գնահատելու եւ դրանց լուծումները մշակելու մտածողության համակարգի վրա, որտեղ հնարավորությունները գնահատվում են ոչ թե դատապարտվածության, այլ ստեղծագործական կարողությունների ազատության կանխավարկածով:

Աղբյուրը՝ https://www.lragir.am

Понравилась статья? Поделиться с друзьями: