նոր հրաման պետական ավարտական քննությունների մասին

ՀՀ կրթության և գիտության նախարարը մարտի 1-ին հրաման է ստորագրել,որով փոփոխություն է մտցվել այս տարվա փետրվարի 22-ին ստորագրած որոշման մեջ՝ 2018-2019 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցի մասին:

Ստորև կարող եք ծանոթանալ ԿԳ նախարարի փետրվարի 22-ին ստորագրած հրամանին:
Աշխատակարգով սահմանվում են հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ դասարանում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարանում ավարտական և կենտրոնացված ավարտական, 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունների անցկացման ընթացակարգերը` ներառյալ քննությունների հայտագրումը, կազմակերպումը, անցկացումը, ստուգումը, գնահատումը, արդյունքների
հրապարակումը և բողոքարկումը:

Համաձայն ժամանակացույցի` 4-րդ դասարանում գիտելիքների ստուգումն անցկացվելու է հունիսի 1-10-ը:
9-րդ դասարանում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի կենտրոնացված ավարտական քննությունը կանցկացվի մայիսի 26-ին, ավարտական քննությունները` հունիսի 1-21-ը:
12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվում են՝ դեկտեմբերի 24-28-ը կամ հունիսի 1-21-ը:

 

12-րդ դասարանի սովորողը դեկտեմբեր ամսին կարող է հանձնել այն առարկաների պետական ավարտական քննությունները, որոնք չի ընտրել և չի ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում:

Միասնական քննությանը մասնակցող սովորողը դեկտեմբերին պետական ավարտական քննություններ կարող է հանձնել այն առարկաներից, որոնք չի հանձնելու միասնական քննությունների համակարգով:

Դեկտեմբերին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար սովորողները մինչև դեկտեմբերի 5-ը գրավո դիմում են հաստատության տնօրենին: Հաստատության տնօրենը, դեկտեմբերի 5-ից մինչև 11-ը ներառյալ, քննություններ հանձնողների դիմումհայտերը էլեկտրոնային եղանակով փոխանցում է վարչապետի աշխատակազմի «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ (ԳԹԿ): 12-րդ դասարանի հունիս ամսին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցողների դիմում-հայտերը հաստատության տնօրենը ԳԹԿ է փոխանցում փետրվարի 1-ից մինչև մարտի 15-ը:

9-րդ դասարանի կենտրոնացված և ավարտական քննություններ հանձնողների դիմում-հայտերը և ցուցակ-հայտերը հաստատության տնօրենը լրացնում և ԳԹԿ է փոխանցում փետրվարի 1-ից մինչև մարտի 10-ը:
Ուսման մեջ գերազանց առաջադիմության համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գերազանցության մեդալի հավակնորդներին թույլատրվում է մասնակցել քննության` համաձայն կրթության և գիտության նախարարության հաստատած անվանացանկի: Քննությունից բացակայած կամ ուշացած մեդալի հավակնորդը զրկվում է մեդալ ստանալու իրավունքից:

Քննություններ և ընթացակարգ
Ավարտական և պետական ավարտական քննությունները սկսվում են ժամը 10:00-ին: Սովորողները ուսումնական հաստատություն են ներկայանում ժամը 9:00-ին: Կենտրոնացված ավարտական քննությունը սկսվում է ժամը 1100-ին: Սովորողները քննական կենտրոններ են ներկայանում ժամը 10:00-ին:

Քննությունների միջև ընկած օրերին դասավանդող ուսուցիչները սովորողների համար քննական առարկաներից կազմակերպում են խորհրդատվություններ:

4-րդ դասարանում գիտելիքների ստուգումն անցկացվում է.

1) «Մայրենի» առարկայից` գրավոր (թեստ). քննությանը տրվում է 60 րոպե,

2) «Մաթեմատիկա» առարկայից` գրավոր (թեստ). քննությանը տրվում է 60 րոպե,

3) Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար նաև՝ «Ռուսաց լեզու» առարկայից` բանավոր` քննաշրջանի ընթացքում,

4) Ազգային փոքրամասնությունների դասարաններում նաև՝ «Մայրենի լեզու և գրականություն» առարկայից` բանավոր` քննաշրջանի ընթացքում,

5) Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար «Մաթեմատիկա» առարկայի թեստերը կազմվում են ռուսերենով:

6) Գիտելիքների ստուգման առաջադրանքները (առնվազն 4 տարբերակ) կազմում են հաստատության մեթոդմիավորումները` ըստ ԳԹԿ-ի կողմից մշակված նմուշների: Առաջադրանքների նյութն ընտրվում է նախարարության կողմից երաշխավորված և հաստատությունում գործածվող դասագրքերից:

7) Հաստատության տնօրենը հաստատում է առաջադրանքները, կնքում և ծրարում: Ծրարներից մեկը բացվում է գիտելիքների ստուգման օրը` nքննասենյակում, սովորողների ներկայությամբ։
Գրավոր աշխատանքը գնահատվում է 10 միավորային համակարգով: