Շտապ օգնության բժիշկների աշխատանքից ազատման դիմումները

Շտապ օգնության բժիշկ Վահրամ Բուլղադարյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակել է աշխատանքից ազատման իր դիմումը.

«Սիրելի աշխատանքից ազատման դիմում, որտեղ նշել եմ պատճառների մի մասը։

Ցավով պիտի նշեմ, որ միակ դիմում գրողը չեմ: Շատ են որակյալ կադրերը, որ սոցիալական բեռի պատճառով, քայքալելով իրենց առողջությունը, զսպում են, լռում են։

Կխնդրեմ պատկան մարմինները ուշադրություն դարձնեն և հետևություններ անեն»,- գրել է բժիշկը:

Դիմումում նա շարադրում է խնդիրները, որոնց պատճառով հեռանում է աշխատանքից:

Առաջին պատճառը գերծանրաբեռնվածությունն է: Կանչերի ահռելի քանակի պատճառով, ինչպես նշում է բժիշկը, չի կարողանում ապահովել պատշաճ որակ: Ասում է նաև, որ շտապ օգնության բժիշկները չունեն բժշկական ապահովագրություն, այնինչ ռիսկային աշխատանք են կատարում: Նա բարձրացնում է նաև դեղորայքի և բժշկական գործիքների պաշաճ բազա չունենալու հարցը:

Աշխատանքից ազատման դիմում է գրել նաև Շտապ օգնություն ՓԲԸ բժիշկ Տարոն Սարիբեկյանը: «Հորդորում եմ Առողջապահության նախարարությանը կտրուկ միջոցառումներ ձեռնարկել անհետաձգելի բժշկական օգնություն իրականացնող բուժանձնակազմին պատշաճ աշխատանքային պայմաններով ապահովելու ուղղությամբ: Բժիշկը ստրուկ չէ, մարդ է և հոգնում է բոլորի նման։ Անարդարացի եմ համարում ԱՆ կողմից մեր անտեսված լինելը։ 18 500 դրամով 24 ժամում 30 և ավել կանչ (էդ թվում՝ պոլիկլինիկական ֆունկցիաների իրականացում) սպասարկող իմ բոլոր բժիշկ ընկերներին կոչ եմ անում արդարացիորեն բողոքել և պահանջել գոնե մինիմալ պայմաններ՝ բարդ և մարդասիրական առաքելությունը իրականացնելու համար»,- Ֆեյսբուքում գրել է Տարոն Սարիբեկյանը:

Շտապ օգնություն ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը Lragir.am-ի հետ զրույցում հաստատեց այն խնդիրների առկայությունը, որոնք բարձրացրել են բժիշկները:

«Շատ աշխատակիցներ բարձրացնում են կանչերի ավել քանակի, իրենց ծանրաբեռնվածության հարցերը: Մարդիկ ասում են՝ այդքան կանչ են սպասարկում, շատ հոգնում են: Բարձրացնում են բժշկական ապահովագրության ու նաև որոշ չափով աշխատավարձերի բարձրացման հարցը: Նրանք ակնկալիքներ ունեին, որ այս տարի պետք է իրենց աշխատավարձերը բարձրանային: Դե արդեն լսել են՝ պոլիկլինիկաներում բարձրացել են աշխատավարձերը, նրանք ապահովագրություն ունեն, իսկ իրենք չունեն»,- ասաց Թագուհի Ստեփանյանը:

Նա նշեց, որ Շտապ օգնություն ՓԲԸ-ում աշխատող բժիշկներին մեկ հերթապահության համար վճարվում է 17 հազար դրամ, բուժքուրերին՝ 11 հազար դրամ, իսկ վարորդներին՝ 10 հազար: Վարորդները ամսական կտրվածքով մինչև 10 հեթապահություն են ունենում, իսկ բժիշկներն ավելի քիչ՝ միջինը 6.5-7: Բացի հերթապահության գումարներից, ըստ Թագուհի Ստեփանյանի, նրանք այլ աշխատավարձ չեն ստանում Շտապ օգնությունում:

Տնօրենը նշեց, որ նախարարի հետ հանդիպման ժամանակ այդ հարցերը պարբերաբար բարձրացվել են:

Հարցին, թե կադրային արտահոսք կա՞ այսօր Շտապ օգնությունից, նա պատասխանեց. «Այդպես շատ չկա: Ընդհանրապես Շտապ օգնություն գալիս են, աշխատում են, գնում են: Այստեղ և երիտասարդ կադրերն են շատ, ովքեր փորձ են ձեռք բերում, անցնում են ուրիշ աշխատանքների: Բայց, իհարկե, նախընտրելի է, որ ռիսկային խմբի մեջ գտնվող բժիշկները, վարորդները, բուժքուրերը, ովքեր գնում են կանչի, պետք է անպայման ունենան բժշկական ապահովագրություն: Եվ նախընտրելի է, որ աշխատավարձը գոնե մի փոքր արժանապատիվ լինի», ասաց նա:

Ինչ վերաբերում է ծառայությունում կադրերի ավելացման հարցին, որպեսզի բժիշկների ծանրաբեռնվածությունը նվազի, Թագուհի Ստեփանյանն ասաց, որ դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե բրիգադներ ավելանան: Այսօր բրիգադներ ավելացնելու հարցը, նրա խոսքով, քննարկվում է:

Աղբյուրը՝ https://www.lragir.am

Понравилась статья? Поделиться с друзьями: