Ո՞վ է առողջապահության փոխնախարարին կաշառք տվողը

Երեկ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված գործողության արդյունքում ձերբակալվել էր առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը՝ կաշառք վերցնելու պահին։ Այսօր մենք մանրամասներ ենք իմացել կատարվածի հետ կապված։ Մեր աղբյուրը տեղեկացրեց, որ կաշառքի գումարը եղել է 3 հազար դոլար, այն փոխանցվել է փոխնախարարի կաբինետում։ Խոսքը վերաբերել է առողջապահության պետպատվերի գումարների վերաբաշխմանը, ինչով զբաղվել է նշված փոխնախարարը։

Բուժհիմնարկին տրամադրվող պետպատվերի 10 տոկոսը վերադարձվել է փոխնախարարին` ընդունված ատկատի սահմաններում։ Եւ ամենակարեւորը՝ կաշառատուն եղել է հանրապետության գլխավոր մանկաբարձ, «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ի գինեկոլոգիական բաժանմունքի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը, ում նույնպես ձերբակալել են նույն օրը, սակայն ժամեր անց բաց են թողել։ Մեզ հետ զրույցում Ռ․ Աբրահամյանը, ըստ էության, հաստատեց այս լուրը։ Ներկայացնում ենք մեր զրույցը նրա հետ։

-Պարոն Աբրահամյան, երեկ ԱԱԾ-ն ձերբակալել է առողջապահության փոխնախարար Արսեն դավթյանին, մենք տեղեկություն ունենք, որ այդ գործի հետ Դուք էլ առնչություն ունեք, մասնավորապես՝ գումարը Դուք եք նրան տվել:

-Ուրեմն, հարցը գտնվում է քննության մեջ, ես Ձեզ ոչինչ ասել չեմ կարող, երբ որ պարզ կլինի, ես Ձեզ կզանգեմ:

-Դուք, ամեն դեպքում, նրան գումար տվե՞լ եք:

-Ես Ձեզ ասացի՝ հարցը գտնվում է քննության փուլում, երբ որ լինի, ես Ձեզ կզանգեմ:

-Իսկ Ձեզ կանչե՞լ են հարցաքննության:

-Կանչելու են:

-Ի՞նչ առիթով են կանչելու:

-Դե, առիթը ասացիք, էլի:

-Գումար փոխանցելու առիթո՞վ:

-Գումար փոխանցելու չի, ես չգիտեմ՝ ինչ հարցեր են դնելու, բայց կանչելու են:

Աղբյուրը՝ https://hraparak.am/post/2056321001

Понравилась статья? Поделиться с друзьями: