Սաշիկ Սարգսյանը Պրահայում մասնակցել է որդուն ապաստան տրամադրելու գործին

Վերջին ժամանակներում մամուլն անընդհատ գրում է, որ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, քաղաքական ապաստան է խնդրել Պրահայի իշխանություններից: Քանի դեռ էքստրադիցիոն գործընթացով զբաղվող գլխավոր դատախազությունն այս լուրերը չի մեկնաբանում՝ ասելով, թե տեղեկություններ չունի, մամուլը կրկին գրում է, որ չեխ փաստաբանների խնդրանքով այստեղից Չեխիա են ուղարկվել մեծ թվով նյութեր եւ մասնավորապես՝ նրա հոր դատական գործով նյութեր, հոդվածներ, տեսաձայնագրություններ, որոնք ներկայացվել են չեխ իրավապահներին։

Մենք դատախազությունից կրկին հետաքրքրվեցինք՝ թե «առեղծվածային» այս գործից ի՞նչ նորություն  կա, մասնավորապես՝ նրա արտահանձման վերաբերյալ, սակայն այնտեղից տվեցին նույն հին պատասխանը. «Էքստրադիցիոն գործընթացը շարունակվում է»:

Մենք տեղեկացանք, որ Նարեկ Սարգսյանին քառասուն օրով կալանավորել են, հենց այդ ընթացքում էլ նրա հայրը՝ Սաշիկ Սարգսյանը, որը ԱԱԾ-ի թույլտվությամբ մեկնել էր Հայաստանից, հանդիպել է որդուն, ավելին՝ ակտիվ կերպով մասնակցել որդու՝ քաղաքական ապաստան տրամադրելու գործընթացին, ապա վերադարձել Հայաստան:

Նշենք, որ ավելի վաղ մեր հարցին ի պատասխան Նարեկի եղբայրը՝ Հայկ Սարգսյանն, ասել էր, որ եղբոր հետ որեւէ կապ չունի:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունն ու ՀՀ-ում Ինտերպոլի ազգային բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների հետ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել են միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին։

Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:

Հիշեցնենք, նաեւ, որ հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով: