Տաքսու վարորդի հետ տասնհինգ րոպե տևողության ճանապարհ ունեինք անցնելու․․․ Տարեց մարդ էր, պատմեց, որ շատ երկար տարիներ պաշտոնյայի ընտանիքի համար անձնական վարորդ է աշխատել․ Գնացի տուն, շեֆիս ասեցի, որ ես հետ եմ գնում․ թոռանս ընկերները հարցնեն՝պապիկդ ինչ է անում ,թոռս պատասխանի․․․

«Ամերիկան ապրելու տեղ չի»

Տաքսու վարորդի հետ տասնհինգ րոպե տևողության ճանապարհ ունեինք անցնելու։ Հաճելի զրուցակից էր։ Ամեն ինչից հասցրեցինք խոսել։Եթե զգում եմ, որ վարորդը դժգոհ մարդ չէ,չարություն չունի մարդկանց ու երկրի հանդեպ՝սիրով լսում եմ։ Երբեմն ինքս եմ հարցեր տալիս, եթե զգում եմ, որ խոսելու կարիք ունի։ Տարեց մարդ էր, պատմեց, որ շատ երկար տարիներ պաշտոնյայի ընտանիքի համար անձնական վարորդ է աշխատել; Քնքշությամբ պատմեց, որ այդ ընտանիքի երեխաներն իրեն շատ են սիրել ու լաց են եղել, երբ տեղափոխվել են ԱՄՆ ապրելու։ Հարգանք զգացի այդ յոթանասունն անց մարդու հանդեպ․ ձայնի մեջ հուզմունք կար ու կարոտ։ Հետաքրքրվեցի՝ արդյո՞ք իրենց գնալուց հետո չեն շփվել։ Ու պատմեց․ -Իրենց գնալուց երկու տարի հետո շեֆս զանգեց․բա Գուրգեն ջան, երեխեքս առանց քեզ չեն կարողանում, արի նույն գործն էլ այստեղ կանես, համ էլ քեզ հարյուր տարի գիտենք․վստահելի մարդ ես։Մտա դեսպանատուն ու ,պատկերացնում ես, քուր ջան, օքեյը խփեցին։ Ուրախացա, ասի գնամ մի քանի տարի աշխատեմ, մի տղիս տան հարցն էլ լուծեմ ու հետ գամ։ Գլուխդ ինչ ցավացնեմ՝ գնացի։ Շատ լավ ընդունեցին մարդիկ։ Շեֆիս գործ էին խոստացել, սպասում էր, որ կկանչեն, ես էլ իրեն կտանեմ-կբերեմ, հետն էլ՝ տնեցիներին կօգնեմ։Մի ամիս սպասեցի,էդ մարդկանց հացը կերա, բայց

խոստացած գործը չստացվեց։ Շվարել մնացել էի։ Վերջը՝ մի ծանոթ ուներ շեֆս, դա ասեց, որ մի լավ գործ կա, զբաղվեմ դրանով, մինչև մի բան կմտածենք։ Աշխատանքը գազանանոցում է։ Ուրախացա, քուր ջան, ախր, ոչ էն է հետ գնամ, ոչ էն է՝ նստեմ սպասեմ, թե երբ շեֆիս գործը կստացվի։Տնեցիներիս տեղեկացրեցի, որ շուտով պապան փող կուղարկի Ասեցին, որ հեշտ գործ է,լավ էլ վճարում են։։ Հաջորդ օրը տարան գործիս ծանոթացնելու։ Սիրալիր ընդունեցին ու հետաքրքրվեցին․արդյո՞ք ես սիրում եմ կենդանիներ։ Այ մարդ, ես ամեն ինչ էլ սիրում եմ, ինձ գործ տվեք։ Բա՝ դու պետք է ավանակների համար գազար լվանաս, կտրտես ու հետևես , որ ուտեն։ Այ քուր ջան,ուզում էի դրանց մի երկու բառ ասել, բայց դե ինձ գործ էր պետք։ Տարան էշերի հետ ծանոթացնելու․ գլուխները շոյեցին ու ինձ մատնացույց անելով տեղեկացրեցին դրանց, որ այսուհետ ինձնից կստանան իրենց հասանելիք վիտամինները։ Էշերն ինձ ոտքից գլուխ ուսումնասիրելուց հետո, ըստ ամենայնի դժգոհ մնացին, որովհետև ներկայացնողը հայտարարեց, որ դասընթաց է պետք անցնել ավանակներին ճիշտ կերակրելու թեմայով,քանի որ դրանք վերացող տեսակ են ու ամեն պատահածի չեն կարող վստահել այդ պատասխանատու գործը։ Քիչ էր մնում էդ մի քանի ավանակին էլ, էդ մարդուն էլ հետը հենց այդտեղ ե՛ս վերացնեի։ Գնացի տուն,

շեֆիս ասեցի, որ ես հետ եմ գնում Հայաստան։ Զարմացավ, բա թե՝ ժամանակավոր բան է, , դու էլ ջահել չես,գործ չես գտնի ։ Ասի՝ չէ, ախպեր ջան, թոռանս ընկերները հարցնեն՝պապիկդ ինչ է անում Ամերիկայում,թոռս պատասխանի․ -Պապս էշերի համար գյազար ա լվանում․․․Բա եղա՞վ, ասա՝ գնամ մեռնեմ, էլի․․․Չէ, շեֆ ջան, Գուրգենն էդ տղան չի։ Լավ մնացեք, ես գնում եմ։ Արդեն քանի տարի է տաքսի եմ քշում։ Շեֆս հետո էլի կանչեց․բա թե՝ գործը ստացվել է՝ չգնացի։ Չէ, քուր ջան, էդ երկիրն իմը չէր։ Իսկական էշի երկիր էր։
Էլյա Համբարձումյանի ֆեյսբուքյան էջից։

Понравилась статья? Поделиться с друзьями: