10 տարի առաջ աշխատում էի ՀԵՏՔ թերթում…ինչ է պատմում Լենա Նազարյանը իր լրագրողական կյանքից

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի և Շաբաթ Էյ Էմի «Լրագրողական մարտեր» նախագծի հաղթողներին ենք շնորհավորում ))

Լավ առիթ եղավ հիշելու իմ լրագրողական անցյալից մի պատմություն.

Մոտ 10 տարի առաջ աշխատում էի ՀԵՏՔ թերթում: Օրերից մի օր տեղեկանում եմ, որ այն ժամանակվա բնապահպանության նախարարի հետ (բարեկամական) կապեր ունեցող մի ընկերություն քարե առանձնատուն է կառուցում Սևանա լճի ափին:

Ընդ որում, կառուցում է ափի այն հատվածում, որը ջրի մակարդակի բարձրացումից հետո, պետք է անցներ ջրի տակ: Իսկ ջրի մակարդակի բարձրացումը շատ կարևոր էր լճի պահպանման համար:

Բնապահպան ընկերներիցս մեկի հետ գնում եմ այդ տարածքը փնտրելու: Հասնում ենք Արտանիշ թերակղզի ու առաջին իսկ պատահած տեղացուն հարցնում նախարարի տան տեղը: Պապիկը մատով ցույց է տալիս. Հայաստանում այդ առումով հեշտ է հետաքննություն անել ))

Գտնում ենք այդ տարածքը ու իսկապես տեսնում, որ կառուցված շինությունն այնքան մոտ է ջրին, որ մակընթացության ժամանակ ջուրը համարյա հասնում էր առանձնատան շեմին:

Սկսում ենք լուսանկարել այդ տարածքը և մեզ նկատում են պահակները: Բնականաբար, մտածելով, որ իրենց հետ հանդիպումը կարող է ավարտվել նրանով, որ լավագույն դեպքում կկորցնենք մեր լուսանկարները, վատագույն դեպքում՝ ֆոտոխցիկը, սկսում ենք վազել ու վազելիս հայտնվում ենք առանձնատան ու ջրի միջև մնացած այդ նեղ հատվածում, որը թարսի պես այդ պահին մակընթացության պատճառով ծածկվել էր ջրով:

Ես մոռացա ասել, որ հունվար ամիսն էր )))

Թրջված կոշիկներով, ջրից ծանրացած վերարկուներով մի կերպ ազատվում ենք հետապնդումից ու արդեն չեմ հիշում ինչպես գտնում մեքենա, որ վերադառնանք Երևան:

Հետո պարզում եմ, որ Գեղարքունքի մարզպետարանին հայտնի են եղել այդ խախտումները, սակայն, անտեսվել են, պարզում եմ շինարարություն իրականացնող ընկերության կապը նախարարի հետ և պատրաստում եմ ծավալուն հոդված:

Ցավոք, այն ժամանակ բացահայտված փաստերն իրավապահ մարմինների կողմից նույնպես անտեսվում են և այդ ժամանակ ոչինչ տեղի չի ունենում:

Հիմա, անկեղծ ասած, չգիտեմ թե ինչ է եղել այդ շինության հետ, բայց դատախազությունը երկու շաբաթ առաջ այդ նախկին նախարարի/ներկայումս պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատազրկելու միջնորդություն էր ներկայացրել Ազգային ժողով:

Ըստ դատախազության Արամ Հարությունյանը ստացել է 14 միլիոն դոլար կաշառք՝ հանքերի շահագործման լիցենզիա տալու համար:

Եթե նա մեղավոր է, իսկ դա կորոշի միայն դատարանը, ապա ուշացած արդարադատությունը կգործի իր ողջ ուժով:

Այդ հետաքննությունը իմ վերջին աշխատանքն էր լրագրության մեջ: Դրանից հետո ես փոխեցի իմ գործունեությունը: Բայց հետաքրքրությունը լրագրության հանդեպ ընդմիշտ մնաց:

Понравилась статья? Поделиться с друзьями: